Կատարյալ շիզոֆրենիա

շիզոֆրենիաԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՕՐ-ՕՐԻ…

Զայրանալու աստիճան զարմանալ կարելի է մեր՝ որպես ազգի ու հասարակության այս աստիճան անմարդկային անտարբերության վրա: Սահմանին զոհեր ենք տալիս, այն էլ շաբաթական մի քանի հոգի, բայց լրատվությանն ու մարդկանց ուրիշ բան է հետաքրքրում — օրինացին քանի պորտֆել կտան, բարգավաճը կընդդիմանա թե ոչ, ում կդնեն նախարար, բուլկին ինչքան է փող տվել ու տենց…

Հայ լրագրողներ, մի հլը թափ տվեք ձեզ: Շաբաթական մի քանի ընտանիք կուրանում է որդեկորույս վշտից… Շաբաթական մի քանի որդի է զոհվում ադրբեջանական դիպուկահարներից: Հիմա դա՞ է կարեւոր, թե՞ այն, որ ԱԺ նախագահը մամուլի քարտուղար է նշանակել… Բա վեր կացեք, գնացեք Չինարի գյուղ, տեսեք թե ինչ է կատարվում, եւ ոչ թե լռվեք մամուլի տաքուկ ասուլիսներում ու զբաղվեք սկանդալ ման գալով ու պրիմիտիվ մուտիլովկաներ ստեղծելով… Էդքա՞ն է ձեր մտքի թռիչքը ու էդքա՞ն է ձեր անհանգստությունը բանակի իրավիճակի մասին: Թե՞ փող բերող սկանդալային բացահայտում չկա… Բացահայտումը եկել-խրվել է աչքներդ, իսկ դուք նստած անկապ վերլուծություններ եք անում…

Հայ դիվանագետ կոչվածներ, աչքներդ բացեք հլը: Ի՞նչ խաղաղություն կամ ի՞նչ հրադադար, երբ մեր ջահելներին կամաց-կամաց կոտորում են ու վախի մթնոլորտ ստեղծում… Հերիք չի՞ փող ստանաք՝ ջահելների արյան գնով: Ի՞նչ է ձեր արածը՝ անկապ արտասահմանյան գործուղումներում ու եվրոպական կաֆեներում փող ծախսելուց ու հյուրանոցներում մի լավ լողանալուց բացի… Թե՞ մի հատ Քլինթոնի հետ նկարվեցիք ու վերջ…

Հայ պատգամավոր կոչվածներ: Վե՞րջ, հա՞, 10 հազարականներով դառաք երեսփոխան ու երեսներդ փոխեցիք դեպի ձեր գրպաննե՞րը… Ու Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովական նեմեց Ռուբոն պիտի հա՞ էս հարցերին պատասխան տա… Դե ուրեմն՝ բարով գնաք ամառային արձակուրդ ու վայելեք ձեր փողերը դուբայներում ու հռոմներում… Չգաք՝ ավելի լավ կլինի…

Հայոց բանակի պագոնավոր մենեջերներ: Էս ինչո՞ւ եք սենց համեստացել ու ձեններդ դուրս չի գալիս: Սա՞ է մեր փառապանծ ու հաղթանակած բանակի վիճակը, հա՞… Ինչո՞ւ եք լռում ու ինչո՞ւ եք անպատասխան թողնում ադրբեջանական դիվերսիաները… ԶՈւ-ն միայն շքերթները չեն ու ոչ էլ ներքին անցուդարձին խառնվելը կամ էլ պենտագոնանման շենքում հոտելը…

Սերժ Սարգսյան: Սահմանին տղաներ են զոհվում, իսկ դուք ընկել եք նախագահական ընտրություններն եք ձեւում… Ամեն զոհից հետո դուք պետք է այլայլվեիք, եւ ոչ թե հպարտ-հպարտ մտնեիք ձեր տանիքազրկված շտաբ-գրասենյակը…

Ու, այսքանից հետո, ցանկանում եք, որ մարդիկ իրենք զավակներին Հայաստանից չփախցնե՞ն: Ախր ո՞ւմ համար կյանքը տա ջահել զինվորը, որ լֆիկները փարվանաներում մի կուշտ հաց ուտեն ու շուկաներ փլուզե՞ն: Որ դուք պաշտոնյա-չինովնիկ-օլիգարխներով տուն-տունիկ խաղաք, բայց հայ քաղաքացու վիճակն օր-օրի ծանրանա՞: Սա՞ է ձեր ազգային անվտանգության ու ազգապահպան նժդեհական հայեցակարգը…

Հայրենիքի՞ համար: Հայաստանի՞ համար: Ո՞ր հայրենիքի ու ո՞ր Հայաստանի: Խեղճ երկիրը հազիվ է դիմանում էս շիզոֆրենիային… Ու եթե հոգ եք տանում երկրի համար, նախ ազատեք այն թարախակույտերից, որից արդեն նեխել ու քայքայվել է ձեր իսկ բնօրրանը…

Ի՞նչ ասեմ… Այստեղ անգամ բժշկությունն է անզոր…

Կատարյալ շիզոֆրենիա…

Advertisements
%d bloggers like this: