Հայկական ուտոպիա
March 8, 2008Իրականում, հայերս ուտոպիստ ենք: Բառացի «ուտոպիա» թարգմանվում է «ոչ մի տեղ գոյություն չունեցող»: Ուտոպիան նույն անիրատեսությունն է, մտացածին լինելը:
Ինչո՞ւ եմ ես ինձ եւ իմ մյուս հայրենակիցներին համարում «ուտոպիստ»: Որովհետեւ, առանց այդ էլ երեւակայություններով ապրելով, հատկապես այս օրերին, չունենալով տեղեկատվության հավաստի եւ վերջնական աղբյուր, բոլորս սկսել ենք ապրել ՄԻԱՅՆ հնարովի պատմություններով: Առանց բացառության՝ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ինչպես նաեւ՝ իրեն ընդդիմություն կարծող ուժերը:
Իշխանություններին թվում է, թե Ազատության հրապարակում եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ իրականացված բռնություններով Լեւոնի «պորտը դրեցին իր տեղը»: Նրանց թվում էր, թե ուժային «լուծումն» ամենախոհեմն էր: Եվ որպես փաստարկ բերում են, թե՝ եթե ուշացնեին, զոհերն ու վիրավորները անհամեմատ ավելի մեծ կլինեին: Տպավորություն են ստեղծում, թե նրանք բնավ չէին ցանկանա դեպքերի նման զարգացում:
Քոչարյանը խաբում է իրեն եւ իր լսարանին այն հեքիթներով, որ իրականում ժողովրդական շարժում չկար, եւ ամեն ինչ կախված է ընդամենը մի 10-20 հոգու «վնասազերծելով»: Վնասազերծում եք, էլի: Էլ ի՞նչ խնդիր ունեք: Դե անցեք Ձեր սովորական ամենօրյա գործերին, ի՞նչ եք խառնվել իրար:
Ներկայիս նախագահը «կուրացել է» իրեն շրջապատող «մասնագետների» այն հավաստիացումներով, որ Հայաստանում որեւէ հեղափոխական գործընթաց չի սկսվել եւ չի կարող սկսվել, քանի որ, ըստ նրանց սին պատկերացումների, դրա օբյեկտիվ պատճառները բացակայում են: Եթե նման գործընթաց չկա, ապա ինչո՞ւ էր Ծաղկաձորում իր հանգիստը վայելեու եւ մյուսներին առողջ ապրելակերպ քարոզելու փոխարեն հատուկ թողարկում կազմակերպում՝ անառողջ մտքեր արտահայտելով: Կամ՝ ի՞նչ է հասկանում սույն պարոնը «օբյեկտիվ պատճառների» տակ:
Քոչարյանի «զինակից» Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հայելու մեջ ամեն անգամ տեսնելով ապագա նախագահական «թագը», դարձել է խիստ մարդասեր եւ իր աջ ձեռքն է մեկնում բոլոր կողմերին: Բայց մեկնում է ոչ թե ձեռքի«բաց ափը» , այլ՝ ձեռքի դրսային երեսը («համբուրե՛ք ձեռքս, եւ ես Ձեզ կներեմ ու կդառնամ Ձեր պահապան-հրեշտակը»): Նրան թվում է, թե ներկա վիճակից դուրս գալու վիճակը Լեւոնին մեկուսացնելն է: Մեկուսացնել՝ ֆիզիկապես եւ քաղաքական իմաստով: Մեկուսացնել՝ նաեւ հրապուրելով մյուս «ընդդիմադիրներին»՝ ի դեմս Արթուրի, Արտաշի, Վահանի եւ մնացածի:
Ի դեպ, այս «ընդդիմադիրներն» էլ իրենց ուտոպիայով են ապրում՝ իբր թե նպաստում են հանրապետության կայունության վեականգնմանը: Սրանք այն աստիճան են ոչ իրատեսական մտքերով տարված, որ չեն հասկանում՝ վաղուց արդեն մարդկանց մեծամասնությունը նրանց ո՛չ ընդդիմադիր են համարում, ո՛չ էլ, առավել եւս, լուրջ գործիչներ: Նույն Արթուր Բաղդասարյանն այն աստիճան ուտոպիստ է, թե իրեն համոզում է, թե«վայելելու է» Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը: Այն աստիճան է «կուրացել» Արթուրը, որ օրը մեջ հանդես է գալիս ՕԵԿ-ի անունից՝ չհասկանալով, որ «համեղ» լափով լցված կերակրատաշտակը հազարավոր շարքային ՕԵԿ-ականների վստահության ու տոսմերի հետ փոխելով, կորցրեց նույն իր կուսակցության շատերի ջերմությունը:
Արթուրի ավելի «էժան» տեսակը՝ Արտաշը, մինչեւ հիմա կարծում է, թե ինքն էր կանխորոշել այսօրվա Հայաստանը: Գեղամյանի մոտ ուտոպիան հասնում է հիվանդագին աստիճանի: Ինքը ե՛ւ փրկիչ է, ե՛ւ արարիչ… : Իրականում, նա շատ հաջողված«մտնող» է: Այս երկու «գործիչներին» շատ հաջող բնութագրում է նույն ժողովուրդը: Այսպիսի անեկտոդ կա. Սերժը Արթուրին կուլ է տալիս, ու նրա ստամոքսում Արթուրը հանդիպում է Արտաշին: Հարցնում է՝ «քեզ է՞լ է Սերժը կուլ տվել», Արտաշը, թե՝ «չէ, ես ուրիշ ճանապարհով եմ հայտնվել այստեղ…»:
Վահանը տարված է ՀՅԴ-ական ուտոպիաներով: «Ծովից-ծով Հայաստան» երազողները չկարողացան «թաղից-թաղ» հսկել իրենց իսկ ձայները: Չկարողացան կամ չցանկացան: Դե, չցանկացան, քանի որ ի սկզբանե նրանցչէր էլ թույլ տրվել: Եւ հիմա իրենց թվում է, որ իզուր են Քոչարյանին սատարել: Իրոք էլ՝ ճիշտ է թվում: Ընտրվում է Սերժը, իսկ իրենք բռնել ու բաց չեն թողնում«Ռոբերտի պոչը» : Տեղերը խառնել են: Որ պիտի պոչ բռնվի, դրանք լավ գիտեն, բայց չէին ըմբռնել՝ ո՞ւմ պոչը: Ու իրենց երազած 15%-ի փոխարեն ստացան 5%: Այնքան էին ուտոպիայով ապրում, որ մոռացան ուղիղ մեկ ամիս առաջ իրենց իսկ շուրթերից հնչեցված բառերը: Այնքան ուտոպիստ են, որ ելույթներ կազմելիս ընտրել էին միայն ամպագորգոռ բառեր: Իսկ ամենաուտոպիստը, ինչպես միշտ, Վահանն էր, ում թվում էր, թե իր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զիջելը ինչ-որ մի էական քայլ է: Դուք լքեցիք, բա Ձեր ընկերնե՞րը՝ ընկեր Աղվանը(Վարդանյան), ընկեր Լեւոնը (Մկրտչյան) եւ ընկեր Դավիթը (Լոքյան)…
Սակայն վերադառնանք ամենավերին մակարդակի ուտոպիստներին՝ Ռոբերտին ու Սերժին: Այս պաշտոնյաները դեռ հավատում են, որ իրադրության տերը իրենք են: Իրո՞ք այդպես է: Սեժը ամեն օր ականջը պահել է«դրսի ձայներին» , թե՝ է՞լ ով կշնորհավորի իրեն՝ Վիենտամից, Բահրեյնից, Իրանից, Սիրիայից, Բելորուսից, Ղազախստանից ու Ռուսաստանից հետո: Լրիվ մոռացել է այն մասին, որ իսկական ու ամենաջերմ շնորհավորանքը պետք է ստանար հենց իր ժողովրդի կողմից: Նկատի չունեմ՝ մկից, դոդից, լֆիկից, չյոռնիից, նեմեցից, ալրաղացից ու նման -իցերից: Իսկ ժողովուրդը ո՜նց շնորհավորեց: Փետրվարի 20-ը իսկական «տոն» էր բոլորիս համար: Երեւանն այդ օրը ցնծո՛ւմ էր: Դեռ ինչքա՜ն է հիշելու անիրատես Սերժը՝ Հանրապետության հրապարակի իր վերջին միտինգը, երբ որպես«հաղթած թեկնածու» իր դիմացը, հարթակից ներքեւ տեսնում էր միայն իր «ընտրողների» դեպրեսիվ աչքերը:
Քոչարյանի անիրատեսությունը հասավ այն աստիճան, որ Սերժին՝ իր ազդեցության ներքո պահելու համար նրան «փչացրեց» այն աստիճան, որ Սերժի «հաղթանակը» դարձավ նույն Սերժի պարտության ամենահիմնական պատճառը: Այն աստիճան ուտոպիստ է, որ համ գիտի՝ ժողովուրդն իրեն չի սիրում, համ էլ իբր թե Սերժին «օգնում է»՝ իր գավառամիտ ելույթներով:
Իսկ այժմ՝ անցնենք ոչ պակաս ուտոպիստ Լեւոնին ու նրա թիմին:
Լեւնենք այն աստիճան ուտոպիստ էին, որ չէին հավատում, որ իշխանությունները կարող են ուժի եւ բռնությունների դիմել: Նրանք մինչեւ վերջ չէին հավատում, որ գործ են ունենալու ոստիկանության մահակների ու էլեկտրաշոկերի ու զորքի ռետինե փամփուշտների հետ: Պարոնա՛յք, դուք ինքներդ հայտարարում եք, որ գալիս եք ավազակապետությունը կազմաքանդելու, ու սպասում էիք, որ նրանք Ձեզ ծաղիկներո՞վ դիմավորեն: Ռոբերտի ու Սերժի ավազակախումբը գիտի, որ գալիս եք՝ իրենց ուղարկելու Սովետաշենի բերդ, եւ, բնականաբար, մինչեւ վերջ պետք է դեմ կանգնի Ձեր ցանկությանը՝ լինի դա անգամ մարդկային զոհերի գնով:
Լեւոնենք խիստ ուտոպիստ են: Նրանք հավատում են, որ ամերիկացիներն ու եվրոպացիները ցանկանում են Հայաստանը դեմոկրատական երկիր դարձնել: Միակ բանը, որ գերտերությունները ցանկանում են (եւ ոչ միայն մեր դեպքում)՝ տեսնել Հայաստանը կանխատեսելի, կայուն եւ իրենց ենթարկվող: Գուցե սխալվում եմ, սակայն ասում եմ այն, ինչ տեսնում եմ:
Լեւոնենք, իրոք, ահավոր ուտոպիստ են: Նրանք կարծում են, որ իրենց ծրագրերը հավանություն չտվող մարդիկ տականք են: Իսկ դուք հասցրե՞լ եք զրուցել եւ բացատրել բոլորին՝ ինչն ինչոց է, որ նրանք էլ եզրակացության գային եւ որոշեին Ձեզ հարել: Դուք մի կողմից դավանում եք ժողովրդավարությանը, մյուս կողմից մերժում բազմակարծությանը: Ի վերջո, դուք Աստված հո չե՞ք, որ բոլորը միանշանակ համաձայնվեն Ձեր տեսակետին: Չմիացան՝ հասկացանք, սակայն մի՛ անվանեք այդ մարդկանց տականք ու դավաճան: Ընդհակառակը, ժամանակ տվեք երկմտողների համար: Իսկ ամենաուտոպիական վիճակում, բնականաբար, հայտնվել են հասարակ մարդիկ՝ ժողովուրդը: Նրանք մի կողմից ցանկանում են, որ ամեն ինչ հարթվի եւ կայունանա, իսկ մյուս կողմից՝ որ ներկա իշխանությունները «գնան»:
Մարդկանց մի մասն ապրում է «ճահճի» մեջ, սակայն չի խորշում ամեն օր շնչել իր շրջապատի գարշահոտությունը: Մյուս մասը կարծում է, որ, ինչպես իրենց առաջնորդն է հավաստիացնում (անկախ այն հանգամանքից, թե խոսքը Լեւոնի՞, թե՞ Սերժի մասին է), ինքը հաղթել է, սակայն չեն «տեսնում» այդ հաղթանակը: Ավելի փոքր մասը հասկանում է, որ ինքն անմիջականորեն պետք է մասնակից դառնա շարժմանը կամ հակաշարժմանը, սակայն միայն ալարկոտ կերպով հետեւում է իրադարձությունների ընթացքին: Մի մասը վախեցել է, մյուս մասը՝ վախենում է: Ու բոլորն ապրում են իրենց իսկ հյուսած երազանքներով…
Ահա այսպիսի անիրատեսական աուրա է պատել բոլորիս: